Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան
ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան,
իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի
վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին
մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի
շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ
հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային
ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել
իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել
հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք
էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև
հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային
միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և
պատերազմի պատճառած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած
հայությունը կարողացավ ազգովի ինքնակազմակերպվել:Հայ ժողովրդի երկու խոշոր
հատվածների քաջարի զավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի,
հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար:
Շուշիի
ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին
զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը
կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի
տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային
գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և
սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին
անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության
պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի,
Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների
հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն
մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին
հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի
քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը,
որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ
ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող №
բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը
նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության
պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4
հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են
հարձակման:
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետևյալ
մանրամասներով.
1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ
կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ,
Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:
2. Մեր խնդիրը՝
ա. Ջախջախել
հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում.
բ. Ջախջախել
հակառակորդին Շուշիի մատույցներում, գրավել Շուշին և այն ազատագրել կանաչներից
(հակառակորդի պայմանական անվանումը).
գ. Հետագայում
հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել
կանաչներից: