Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոթինգեմշայրում։ Նրա հայրը մանր կալվածատեր էր։ Լեյդենում հերոսը ուսումնասիրում է բժշկություն, ամուսնանում է Մերի Բըրտոնի հետ, մի քանի նավերի վրա ճամփորդում է որպես բժիշկ։
1699 թ. մայիսի 4-ին Հնդկաստանի մոտ նավը, որով ճամփորդում էր Գուլիվերը, կործանում են ահեղ ալիքները, իսկ հերոսը հրաշքով փրկվում է և ափ է դուրս գալիս անհայտ երկրում: Դա Լիլիպուտիան է: Արթնանալով տեսնում է, որ ձեռքերը, ոտքերն ու մազերը բազում բարակ թելերով կապված են գետնին։ Լիլիպուտիայի բնակիչները տասներկու անգամ ավելի փոքր են Գուլիվերից. նրանց հասակը վեց մատնաչափ է, նմանապես փոքր են նաև բույսերը, կենդանիները և այլն։ Երկիրը կառավարում է կայսրը, որի հասակը մի եղնգաչափ բարձր է մյուսներից. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Գուլիվերը խոստանում է հավատարիմ լինել լիլիպուտների թագավորին, նրան ազատում են: Ռիդրեզելը` գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որ պալատականները բաժանվել են երկու կուսակցության` Տրեմեկսըն կամ բարձրակրունկներ, որոնք ավելի շատ են և որոնց հովանավորում է թագաժառանգը, և Սլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հովանավորում է թագավորը, և որոնց ձեռքին են պաշտոնները։
Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլեֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում են նույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասից կոտրելիս վնասել էր մատը, կայսրը հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից` հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի` սուրծայրականներ ու բութծայրականներ. տեղի է ունեցել վեց ապստամբություն, բութածայրականները պարտվել են ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրում են կրոնին դեմ ընվզելու մեջ, սակայն նրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն հարկավոր է կոտրել հարմար ծայրով։ Կայսրը Գուլիվերին խնդրում է պատերազմի ժամանակ աջակցել իրենց: Նա նպատակ ունի հաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց` Բլեֆուսկուն դարձնելով իր երկրի մի գավառը։ Ի դեմս կայսեր կերպարի Սվիֆթը ծաղրում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ին։ Հեղինակն անդրադառնում է թորիների ու վիգերի հակամարտությանը (բարձրակրունկներ ու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստ պատերազմի այլաբանությամբ պատկերվում են կաթոլիկների ու բողոքականների կրոնական տարաձայնությունները։
Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնել Բլեֆուսկուի ժողովրդին։ Նա միայն բերում է բլեֆուսկացիների ողջ նավատորմը՝ այդկերպ զրկելով նրանց պատերազմելու հնարավորությունից: Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքում Լիլիպուտիայի համար օգտակար պայմաններով։
Հետագայում ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտում կուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ և հեռանում է Բլեֆուսկու, որտեղից էլ 1701 թ. սեպտեմբերի 24-ին նա մակույկով ճանապարհվում է տուն։
Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը և դրանով գումար է վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո նա կրկին ճանապարհորդության է մեկնում «Էդվենչըր» (Արկածախնդրություն) նավով։ Անհայտ կղզում նավաստիներն ափ են իջնում քաղցրահամ ջրի պաշարները լրացնելու, բայց արագ հեռանում են, երբ հայտնաբերում են, որ կղզին բնակեցված է հսկաներով։ Չհասնելով ընկերների հետևից` Գուլիվերը մնում է կղզում։ Երկրի բնակիչները տասներկու անգամ մեծ են սովորական մարդուց:։ Հսկաներից մեկը` ագարակատեր, Գուլիվերին պահում է իր տանը։ Ագարակատիրոջ դուստրը Գուլիվերին քնեցնում է իր տիկնիկի անկողնում։ Գուլիվերին սովորեցնում են զվարճացնել մարդկանց և փողով ցուցադրում։ Գուլիվերը սկսում է նիհարել և այնքան է նիհարում, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի, հազար ոսկով վաճառում է նրան թագուհուն։
Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին` ամեն կերպ գովելով մարդկանց։ Երեք տարի Գուլիվերը մնում է հսկաների երկրում։ Մի անգամ, սակայն, զբոսանքի ժամանակ գիշատիչ թռչունը գողանում է արկղը, որի մեջ պահում էին Գուլիվերին, և գցում է ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում է, թե նա գտնվում է Լիլիպուտիայում. քանզի հսկաների երկրում ապրելուց հետո նա սովոր էր տեսնել միայն հսկաների: Հսկաների թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է. նա բարի է, սկզբունքային, հմուտ կառավարում է երկիրը։ Մահվան սպառնալիքով արգելում է օգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։
1706 թ. օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է նոր ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով` Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որը թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են կա´մ աջ կա՛մ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, իսկ մյուսը` զենիթի ուղղությամբ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք մտազբաղ են և չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում գտնվում է Ծրագրողների ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր: Դրանք բոլորն էլ ուտոպիական են։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը` սառույցից վառոդ, երրորդը` տուն կառուցել՝ սկսելով տանիքից և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրում և պատահական ընտրում դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։
Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկներով ու կախարդներով բնակեցված։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտուսի և այլոց հոգիները։
Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչև յոթանասուն տարեկանը սովորական մարդիկ են, սակայն դրանից հետո դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է իրենց երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեն, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
1709 թ. մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։
Գուլիվերը դառնում է «Էդվենչըր»-ի նավապետ։ Սակայն ճանապարհորդության ընթացքում նավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թ. մայիսի 9-ին Գուլիվերին միայնակ թողնում են մի կղզում։ Այստեղ ապրում են մարդանման արարծներ` յեհուներ, որոնք չգիտեն խոսել, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Յեհուները ծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է՝ բնության կատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետո ընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ նրանցից բավական բարձր է։ Հուհընհընմները ընկերասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր արարածներ են, օգնում են միամյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն, չգիտեն` ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրավահավասար են։ Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանում է մնալ նրանց երկրում որպես նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ են տալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել աշխատացնել նրան ինչպես յեհուներին։ Գուլիվերը նավ է կառուցում և 1714 թ. փետրվարի 9-ին ուղևորվում է տուն։
Տասնվեց տարի և յոթ ամիս տևած իր ճանապարհորդությունների մասին Գուլիվերը գրում է ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձ չանեն գրավել յեհուների տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկ բրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեպքում դա անիմաստ է անել։ Հուիհընհընմների դեմ չարժե կռվել, դրա փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերն աստիճանաբար համակերպվում է մարդկանց ու փորձում է իր ընտանիքը դաստիարակել հուիհընհընմների նման։ Ռեդրիֆի իր տանը նա փորձում է պրակտիկորեն իրագործել հուինհընհընմներից ստացած առաքինության դասերը:
ԻՄ ԿԱՐԾԻՔԸ
Իմ կարծիքով գիրքը ավելի շատ արկածային է, քան ինչ-որ այլ ժանրի: Շատերի կարծիքը իմ կարծիքի հետ հնարավոր է չհամընկնի, սակայն ինչպես ասված է 1000 մարդ՝ 1000 կարծիք: Նախ և առաջ ասեմ, որ գիրքը շատ ուսուցողական է, այնքանով է ուսուցողական, որ այս բոլոր ճանապարհորդությունները Գուլիվերին տալիս են դասեր, տարբեր գիտելիքներ, իսկ գրքի շնորհիվ դրանք հասնում են նաև մեզ: Ճիշտն ասած գիրքը ինձ մոտ է գրեթե երեք տարի, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, սակայն մինրև վերջ չի ստացվել: Այս անգամ կարդացի մինչև վերջ և ստացվեց: Գրքի շնորհիվ ստացած ինֆորմացիան և գիտելիքները կփորձեմ օգտագործել կյանքի տարբեր իրավիճակներում:
Գիրքը խորհուրդ կտամ բոլորին, հավատացեք այնտեղ կգտնեք շատ կարևոր բաներ, որոնք հնարավոր է պետք գան կյանքում:
Комментариев нет:
Отправить комментарий