Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը: Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնական անդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թե տեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որ դրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝ քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբ զանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկու ձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում: Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում: Ժողովուրդ, տու´ր… Թագավորի հրաման ա»:
четверг, 16 декабря 2021 г.
Միրհավ
Աշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո անիմաստ մաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: Ապա Սոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը:
Ալպիական մանուշակ
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: