Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը: Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնական անդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թե տեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որ դրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝ քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբ զանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկու ձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում: Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում: Ժողովուրդ, տու´ր… Թագավորի հրաման ա»:
Սիմոնին մտահոգում է այն հարցը, արդյոք Ցոլակը՝ նրանց ձին, կհամապատասխանի պահանջներին և արդյոք նրան կտանեն: Հակառակի պես Ցոլակը շատ լավ ձի է, առողջ է ու փարթամ: Ասում են, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն է: Սիմոնը գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն: Ձին ունի կապտավուն մորթ, որի վրա, ինչպես աստղերը, ցրված են սպիտակ նշաններ: Մտածում է՝ արդյոք բոյը կարճ չի, ռուսի ղազախը կարող է նստել նրա վրա: Այսպես Սիմոնը հուսադրում է իրեն, թե ձիուն չեն տանի: Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, կինը, դուստրը՝ Շողերը հրաժեշտ են տալիս Ցոլակին. բոլորը արտասվում են, տխուր են: Հեկեկալով գալիս է նաև փոքրիկ Երեմը, կանչում հորը, որն արդեն հեռացել է Սաքու տղայի հետ, որպեսզի միանա ուրիշ ձիավորների: Ձիավորների թվում են դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Աքելը, Գիլանց Մուքին և այլոք: Խոսում են պատերազմի և նրա արհավիրքների մասին, նրանց հարազատների, որոնք նամակներ են գրել. մեկը հիվանդանոցից, ոտքն է վիրավոր, մյուսը մի ամիս է ծմակի մեջ է, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Իվանն ասում է, որ շարքով գնան, տեսնի՝ ով է ետ մնացել: «Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին»: Իջնում են հանգստանալու: Հացը թրջում են պաղ ջրի մեջ, ուտում: Սիմոնը լուռ է: Հեռվից գալիս է Կոստանդ աղան սպիտակ ձիով: Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չեն դիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ: Ձիավորը միաձույլ է ձիու հետ և թվում է, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել է մարմարիոնե մի հեծյալ և արշավում է որպես չքնաղ տեսիլք: Կոստանդ աղան բացատրում է, որ չի կարողանում ձիու գլուխը պահել, ձեռքերը կոտորում է: Տղաներից մեկն առաջարկում է պահել, և Կոստանդը ուզում ինչ-որ բան ասել, բայց սպիտակ ձին հասկանում է դա և խոսքը կիսատ է մնում: Գյուղացիները տեսնում են սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Հրեղեն ձի են անվանում նրան: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հասնում են քաղաք: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Կան հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Հրապարակի մի անկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, սեղանի շուրջ նստել են իշխանավորները, ապա, նրանցից հեռու, ոտքի վրա, ստորադաս պաշտոնյաները: Նրանք որոշում են ձիու և ձիատիրոջ բախտը հետևյալ կերպ. կարդում են ազգանունը, տվյալ մարդը ձիու սանձը բռնած առաջ է գնում, ձիուն տնտղում են, ատամները նայում, թղթի վրա նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան է անում՝ եթե բազմության կողմը, ուրեմն ձին անպետք է, եթե ռուս զինվորների կողմը, ապա մոտենում են, ձիուն նոր սանձ հագցնում, տանում, իսկ տիրոջը տալիս են հին սանձը և թղթի կտոր՝ վրան նշանակված ձիու գինը և նախկին տիրոջ ազգանունը: Սիմոնը մի ծանոթ թուրքից տեղեկանում է, որ միայն այն դեպքում են ձին անպետք համարում, եթե ոտքն է կոտրած կամ խորը վերք ունի: Սիմոնը Ցոլակին տանում է հեռու, իբր ջուր տալու և գետակի մեջ չեչաքարով այնքան է քսում կենդանու մեջքին, որ մաշկը պլոկվում է, արյուն է գալիս, վերք բացվում: Ձին սկզբում չի կարողանում դուրս գալ ջրից, Սիմոնը հանում է, արյունը մաքրում, վերքը ծածկում տիղմի բարակ շերտով, ջրախոտերով, ապա շտապ համետում ձին ու գնում հրապարակ: Հերթը հասնում է իրենց գյուղի ձիավորներին: Լսում են Կոստանդի ազգանունը և զարմանում, քանի որ նա իրենց հետ չէ: Բայց հեռվից տեսնում են, թե ինչպես է Կոստանդը՝ լղար մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձիով մոտենում իշխանավորներին: Կարծես թե նույնիսկ չեն նայում նրա կողմը, ձեռքը վերևից նշան է տալիս, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից: Ապա գնում է Սիմոնը: Նայում են վերքը: Սկզբում կարծում է, թե հաջողվեց, բայց Ցոլակին տանում են, միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա: Հայհոյում է: Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում են միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա: Այն մի պահ ցոլում է մթնող արևի շողերում և չքանում դեպի նարնջագույն ամպերը: Կեսգիշերին տուն են հասնում: Աղջիկը միամտորեն հարցնում է, թե ուր է Ցոլակը: Պառավը լալիս է: Հետո շատ երեկոներ են անցնում, և զանգեր զարկում, բայց Շարմաղ բիբին այլևս դուռը չի բացում և զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս չի մտնում նրանց սև խրճիթը…Պատմվածքի անունը «Սպիտակ ձին» է, սակայն, պատմվածքը այդքան էլ սպիտակ ձիու մասին չէ։ Պատմվածքում ցուցադրված են կյանքի տարբեր դրվագներ։
Այստեղ պատերազմի համար թագավորը հավաքում է գյուղացիներին և իրենցից վերցնում այն ձիերին, որոնք օգտակար կլինեն։ Ինչպես միշտ պետությունը խաբում և թալանում է իր ժողովրդին։
Պատմվածքի գլխավոր ձիերն են՝ Ցոլակը, սպիտակ ձին և կապտավուն ձին։ Ցոլակը Սիմոնի ձին էր, որը տարիներ առաջ շատ թանկ էր նստել իր վրա, սակայն, արժանի ձի էր։ Ամբողջ ընտանիքը սգում էր, երբ Ցոլակին տարան։ Սիմոնը, որպեսզի չտանեն Ցոլակին, որոշում է նրան վնասել՝ մտածելով, թե ձին լավը չլինի, ապա չեն տանի։ Սակայն այդպես չի լինում։ Սիմոնին նախատում են և ձին ձեռքից խլում։ Այստեղ ցույց է տրված Սիմոնի հավատարմությունը և միամտությունը։ Նա շատ էր սիրում Ցոլակին և չէր ցանականում բաժանվել նրանից։ Միամիտ էր, որովհետև ցավ պատճառեց իր ձիուն, իհարկե շատ զղջաց հետո, բայց անօգուտ էր։
Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Բայց Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ ձիով դուրս եկավ հրապարակ և նրան միանգամից ասեցին, որ այդ ձին բանի պետ չէ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա, իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով և կարծես նրանց վրա ծիծաղում էր, որովհետև շատերը կորցրել էին իրենց ձիերին, իսկ նա իր Սպիտակ ձիու հետ էր։ Այս կերպարը ցույց է տալիս որոշ մարդկանց խորամանկությունը և ստորությունը։ Այո՜, նա լավ արեց, որ փրկեց իր ձիու կյանքը, բայց կարող էր չծիծաղել իր ընկերների վրա։
Եվ վերջին ձին՝ կապտավունը, որ բերել էին լեռներից, պայքարում էր իր կյանքի համար։ Երկար պտտվեցին զինվորները այդ ձիու հետեևից, և վերջուն նա սատկեց։ Փորձելով փախչել զինվորներից՝ ձին ընկել էր փշալարերի մեջ և ամբողջ մարմինը խոցվել էր։ Ձիու այս կերպարը ցույց է տալիս ոչ միայն կենդանիների, այլ մարդկանց ապրելու ցանկությունը։ Ձին մինչև վերջին վայրկյանը պայքարում էր իր կյանքի համար։
Комментариев нет:
Отправить комментарий