Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։ Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։
Комментариев нет:
Отправить комментарий